Աշխարհի բոլոր պաշտոնյաներն էլ գնում են. ՄԻՊ–ը` Աննա Հակոբյանի և դատախազի հետ ընթրիքի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը. Արխիվային լուսանկար
Կատարից և Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած հյուրերի հետ ճաշին Աննա Հակոբյանի հետ ներկա էին եղել նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը վստահեցնում է` ամբողջ աշխարհի բոլոր պաշտոնյաներն էլ հավաքում և մասնակցում են իրենց երկրներում անցկացվող սոցիալական միջոցառումների։ Այս մասին Մանասյանը հայտնեց լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ ընթրիքին։
Նշենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ էր հրապարակել իր սոցցանցերում, որտեղ երևում էր, որ Կատարից և Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած հյուրերի հետ ճաշի է։ Նրա հետ էին նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Այս հանգամանքը հանրության մոտ բարկության առիթ էր դարձել, շատերը նույնիսկ սկսել էին կասկածել` արդյոք Վարդապետյանն ու Մանասյանը կկարողանան անաչառ լինել իրենց գործում։
«Սոցիալական և պաշտոնական միջոցառումներ բոլոր պետություններում են տեղի ունենում ու բոլոր պաշտոնատար անձինք շատ հաճախ հավաքվում են նմանատիպ միջոցառումների ժամանակ։ Հանդիպումներ լինում են նաև տարբեր այլ պետություններից եկած պատվիրակությունների հետ»,– նշեց Մանասյանը։
Անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածում գտած այն տեսանյութին, որտեղ ՀՀ ՄԻՊ–ը երգում է, Մանասյանն ասաց, թե ինքը հաշմանդամություն ունեցող անձանց հետ պարապմունքներ է վարում իր ազատ ժամերին, և երաժշտաթերապիա են կիրառում։