ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանին 130 մլն դոլար արժողությամբ դրամաշնորհ կտրամադրի։ Համապատասխան առաջարկի ընդունման մասին որոշման նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Նման փոփոխություն նախատեսվում է իրականացնել ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ միջև 2022 թվականի հունիսի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրում»։
«Ակնկալվում է, որ լրացուցիչ ֆինանսական հատկացումները կուղղվեն արդյունավետ և հաշվետու կառավարման ինստիտուցիոնալացմանը։ Դրանք կնպաստեն նաև ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելուն, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելուն»,– ասված է որոշման մեջ:
Այսպիսով` ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը կհասցվի 250 000 000 ԱՄՆ դոլարի։