Ադրբեջանն ուզում է նպաստավոր դաշտ ստեղծել հնարավոր ագրեսիվ գործողության համար. Եղոյան

Արմեն Եղոյան
Արման Եղոյանը կարծում է, որ խաղաղության պայմանագրի բանակցությունների ֆոնին նման սադրանքը տեսականորեն հնարավոր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանն ապատեղեկատվություն տարածելով` նպատակ ունի ինֆորմացիոն նպաստավոր դաշտ ստեղծել իրենց կողմից հնարավոր որևէ ագրեսիվ գործողության համար, եթե քաղաքական նման որոշում լինի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանը:
«Խաղաղության պայմանագրի բանակցությունների ֆոնին նման սադրանքի գնալը տեսականորեն հնարավոր է»,-ասաց նա։
Նշենք, որ այսօր առավոտյան ՀՀ ՊՆ–ն հերթական անգամ հերքեց Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը, թե սեպտեմբերի 5-ին՝ ժամը 09։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Գերատեսչությունը կրկին հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել:
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հունիսի 22-ին հայտարարեց, որ Բաքվին առաջարկվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծել։