ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Իսրայելական բանտերում գտնվող 800 պաղեստինցիներ ազատ կարձակվեն Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի համաձայնագրի շրջանակում: Այս մասին հայտնում է «Jerusalem Post» թերթը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան աղբյուրին։
Ինչպես նշում է թերթը, գործարքի 18 կետերից 14-ը համաձայնեցվել են։ Համաձայնեցված կետերից 3–ը վերաբերում են հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված պատանդների փոխանակմանը իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի գերիների հետ։
Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ ազատ արձակվողների թվում կան նաև քաղաքացիական անձանց սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտվածներ։
Սպասվում է, որ Գազայի հատվածում հրադադարի առաջին փուլում ազատ կարձակվեն 18-32 պատանդներ։
Կահիրեում և Դոհայում արդեն մի քանի շաբաթ է, ինչ միջնորդների միջոցով բանակցություններ են ընթանում Գազայի հատվածի վերաբերյալ, սակայն որևէ կոնկրետ առաջընթաց դեռ չի արձանագրվել։