ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի ղեկավար Ռուսլան Ստեֆանչուկը։
«Ուկրաինայի Գերագույն ռադան հրաժարականի մասին դիմում է ստացել արտգործնախարար Կուլեբայից։ Դիմումը կքննարկվի առաջիկա լիագումար նիստերից մեկի ժամանակ», – գրել է նա սոցցանցի իր էջում։
«Ուկրաինական ճշմարտության» աղբյուրների համաձայն` նոր արտգործնախարար կարող է դառնալ նրա առաջին տեղակալ Անդրեյ Սիբիգան, որը գերատեսչությունում աշխատում է ապրիլից։
Նշենք, որ Դմիտրի Կուլեբան Ուկրաինայի ԱԳ նախարար է նշանակվել 2020 թվականի մարտի 4-ին։
Երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել էր իր գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոստիսլավ Շուրմային։ Հրաժարական էին ներկայացրել Եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան և փոխվարչապետ, վերաինտեգրման նախարար Իրինա Վերեշչուկը։ Հրաժարականի դիմումներ են ներկայացրել ևս երեք նախարար` ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինը, արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան, բնապահպանության նախարար Ռուսլան Ստրելեցը և պետգույքի հիմնադրամի ղեկավար Վիտալի Կովալը։