Քննարկվում է դեպի Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը մասնավորին հանձնելու հարցը. ՀՀ ԱԳՆ

Փոխարտգործնախարարը վստահեցրեց, որ հայ սահմանապահները և մաքսավորները այդ ճանապարհին աշխատանք իրականացնելու են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկերությանը հաձնելու մասով նոր մանրամասներ չկան։ Այս մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
«Այդ մասին խոսվել է, դեռ մանրամասները հայտնի չեն»,– ասաց նա։
Փոխարտգործնախարարը վստահեցրեց, որ հայ սահմանապահները և մաքսավորները այդ ճանապարհին աշխատանք իրականացնելու են։
«Խոսվել է մասնավոր ընկերության ներգրավման հնարավորության մասին, բայց դետալները դեռ չկան։ «Դա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հետ որևէ կապ չունի, բայց դրա տրամաբանության մեջ է»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ–ից Sputnik Արմենիային չէին մեկնաբանել , թե արդյոք Բաքվի հետ քննարկվում է Նախիջևան-Սյունիք-Ադրբեջան ապագա հաղորդակցության վերահսկողությունը մասնավոր ընկերությանը փոխանցելու հարցը:
Ավելի վաղ քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը արտգործնախարարների մակարդակով վերջին հանդիպման ժամանակ քննարկել են հետագա հաղորդակցությունների վերահսկողությունը անվտանգության հարցերով միջազգային մասնավոր ընկերության փոխանցելու հնարավորությունը:
Օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհներ տրամադրել Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի համար` առանց «մեր տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը նսեմացնելու և կասկածի տակ դնելու»: