ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Կուրսկի ատոմակայանում իրավիճակն ավելի վտանգավոր է արտաքին ազդեցությունների առումով, քան Զապորոժիեի ԱԷԿ-ում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Զապորոժիեի ատոմակայանի տնօրեն Յուրի Չերնիչուկը։
Այսօր ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այցելել է ատոմակայան, որից հետո ՄԱԳԱՏԷ-ն նոր զեկույց է հրապարակել ուկրաինական հակամարտության ֆոնին ատոմային անվտանգության պահպանման գործում իր գործադրած ջանքերի մասին:
«Կուրսկի ԱԷԿ-ում մի փոքր այլ նախագիծ է, և այն պակաս պաշտպանված է այնպիսի արտաքին ազդեցություններից, ինչպիսիք են ռազմական գործողությունները, հրետակոծությունները, անօդաչու սարքերը ։ Եվ քանի որ դա գործող օբյեկտ է, արտաքին ազդեցությունների առումով ավելի վտանգավոր վիճակում է գտնվում, քան հիմա մեր կայանը»,-ասել է Չերնիչուկը։
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ Կայանի բոլոր էներգաբլոկներն այս պահին գտնվում են «սառը անջատման» ռեժիմում և էլեկտրաէներգիա չեն արտադրում։