Ինչո՞ւ էր համակարգից անջատվել ատոմակայանը․ ՀԷՑ-ը մեկնաբանում է

Սեյսմիկ կայունության համար տեղադրված են տվիչներ՝ ատոմակայանն անվտանգ պահելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Հայկական ատոմային էլեկտրակայանն անջատվել էր համակարգից, որովհետև, այսպես ասած, ինքնաբերաբար գործել էին տվիչները՝ ատոմակայանի անվտանգության համար։ Այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Տաշիր» խմբի փոխնախագահ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե, այնուամենայնիվ, ինչն էր ՀԱԷԿ-ի՝ համակարգից անջատման պատճառը։
«Երկրաշարժերի դեպքում սեյսմիկ կայունության համար տեղադրված են տվիչներ՝ ատոմակայանն անվտանգ պահելու համար։ Տվիչը բերում է նրան, որ ատոմակայանը ժամանակավորապես սխեմայից դուրս է գալիս, էլեկտրաէներգիայի արտադրությունը դադարում է, որ պաշտպանված լինի»,- ասաց Դարբինյանը։
Նա միաժամանակ հիշեցրեց, որ կատարվածը ՀԷՑ պատասխանատվության տիրույթից դուրս է, այնուամենայնիվ, ինքը գիտի հարցի պատասխանը՝ հաշվի առնելով անձնական հետաքրքրությունը տեղի ունեցածի վերաբերյալ։
Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 21:54-ին կայծակի պատճառով ՀԱԷԿ-ի վթարային կանգ էր արձանագրվել։ Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալու պատճառով վթարային անջատվել էր «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան։
Անջատման հետևանքով հոսանքազրկվել էին Երևանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները։