ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,– ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը կրկին հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։:
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հունիսի 22-ին հայտարարեց, որ Բաքվին առաջարկվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծել։