ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը պատրաստ է Եվրամիությանն այնքան մոտ լինել, որքան որ ԵՄ-ն հարմար կգտնի, և այսօր հայ հասարակությունը սպասում է պատասխանի, քանի դեռ հնարավորության «դուռը բաց է»։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում անցկացվող «Europe Whole and Free: A Renewed Commitment to European Security» («Միասնական և Ազատ Եվրոպա. եվրոպական անվտանգության հանձնառության հաստատում») պանելային քննարկման ժամանակ։ Փոխնախարարը պատասխանել է այն հարցին, թե ինչ ակնկալիքներ են Հայաստանին առաջնորդում ավելի մոտ լինել Արևմուտքին, և ՀՀ-ն որքան է ցանկանում խորացնել կապը, մասնավորապես, ԵՄ-ի հետ։
«Մենք պետք է գնահատենք այն ժամանակը, որ տրված է մեզ, որովհետև ինչ-որ մեկը կարող է դռնից ներս մտնել և մեզ դուրս հանել այստեղից։ Մենք սպասելու ժամանակ չունենք, և սա ռազմավարական որոշում է, որ Հայաստանի կառավարությունը կայացրել է։ Մենք գիտենք՝ ինչ ենք ցանկանում։ Մենք ցանկանում ենք լինել այն միջավայրում, որի հետ կիսում ենք նույն արժեքները։ Հայաստանի ժողովուրդը եվրոպական ձգտումներ ունի, Հայաստանի կառավարությունն ունի եվրոպական ձգտումներ»,- ասել է Կոստանյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում ոչ թե եվրոպացի գործընկերներին գոհացնելու կամ մյուս գործընկերներին սադրելու համար, այլ որովհետև սա այն մանդատն է, որ ժողովուրդը տվել է 2018 թվականին հեղափոխության ժամանակ և 2021թ․ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, երբ ժողովուրդը, ըստ ԱԳ փոխնախարարի, վերահաստատել է՝ ժողովրդավարությունն անբեկանելի է։
«Չնայած բոլոր մարտահրավերներին, որոնց առերեսվում ենք՝ մեծ հիբրիդային սպառնալիքներ, մենք գնում ենք այն ուղղությամբ, որով առաջնորդում է մեզ ժողովուրդը։ Մենք պետք է շատ աշխատենք, բայց դա միայն մեզնից կախված չէ»,- ասել է Կոստանյանը։
Հունիսի 21–ին ՀՀ Ազգային ժողովում անցկացվեցին լսումներ` ԵՄ–ին անդամակցության հայտի վերաբերյալ հանրաքվեի հարցով։ Լսումները նախաձեռնել էին արտախորհրդարանական 4 ուժ` «Հանուն հանրապետության» կուսկացությունը, «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն» կուսակցությունը, «Ազատ քաղաքացի» ՀԿ–ն, որոնք միավորվել են «ժողովրդավարական ուժերի հարթակում»։
Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացված Ժողովրդավարության հայկական 3–րդ ֆորումի շրջանակում հայտարարեց՝ ՀՀ–ն ԵՄ–ին պատրաստ է լինել այնքան մոտ, ինչքան ԵՄ–ն դա հնարավոր կհամարի, իսկ ԵՄ–ն որքանո՞վ է պատրաստ դրան, այդ հարցի պատասխանն ինքը չունի։