ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի -Sputnik. Հայաստանը կմասնակցի հոկտեմբերին Ռուսաստանում կայանալիք ԲՐԻԿՍ կազմակերպության գագաթնաժողովին: Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
«Այո, մասնակցելու է»,- հարցին ի պատասխան ասաց նա։
ԲՐԻԿՍ-ի մասշտաբային գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի վերջին Կազանում։ Ավելի վաղ ռուս պաշտոնյաները հայտարարել էին, որ դրան հրավիրված են ԱՊՀ երկրների ղեկավարները:
Գագաթնաժողովին մասնակցելու են նաև կազմակերպության անդամ չհանդիսացող մի շարք երկրների առաջնորդներ: Մասնավորապես հաստատվել է Թուրքիայի նախագահի մասնակցությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ գագաթնաժողովին է հրավիրել նաև իրանցի գործընկեր Մասուդ Պեզեշքիանին։
ԲՐԻԿՍ-ը միավորում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, սակայն վերջին շրջանում տնտեսական դաշինքին միանալու ցանկություն է հայտնել արդեն 23 պետություն:
Օգոստոսին Յոհանեսբուրգում կայացած գագաթնաժողովից հետո հայտնի դարձավ, որ 2024-ի հունվարի 1-ից ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հրավեր են ստացել ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Իրանը, Արգենտինան, Եգիպտոսը և Եթովպիան:
Նշենք, որ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել նաև Ադրբեջանը։