ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի խորհրդարանն ավարտել է նիստը՝ չքննարկելով Դմիտրի Կուլեբայի` արտգործնախարարի պաշտոնից հրաժարվելու դիմումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյին:
Ավելի վաղ Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը հայտնել էր, որ Կուլեբան հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Դա անսպասելի էր։ Ռադան ավարտեց նիստը՝ չքննարկելով Կուլեբայի պաշտոնանկությունը, քանի որ «ծառաները» (Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորները. խմբ.) մտավախություն ունեին, որ ձայները չեն բավականացնի»,- գրել է Գոնչարենկոն իր տելեգրամյան ալիքում։
Երեկ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է իր գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոստիսլավ Շուրմային։ Հրաժարական են տվել նաև Ուկրաինայի արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան, արդյունաբերության ռազմավարական ճյուղերի հարցերով նախարար Ալեքսանդր Կամիշինը, շրջակա միջավայրի պահպանության նախարար Ռուսլան Ստրելեցը, ինչպես նաև եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան: Ուկրաինայի խորհրդարանն այսօր հաստատել է նրանց պաշտոնանկությունը։
Փոխվարչապետ, վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկի, ինչպես նաև պետական գույքի հիմնադրամի ղեկավար Վիտալի Կովալի պաշտոնանկության համար խորհրդարանում բավարար ձայներ չեն եղել:
Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակն ավելի վաղ հայտնել էր, որ այս շաբաթ Ուկրաինայի կառավարությունում կարող են լինել կադրային փոփոխություններ և պաշտոնանկություններ: «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան նույնպես հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարության կազմի մեծ վերաձևավորում է սպասվում: