ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Սուսերամարտի օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը հաջորդ մրցաշրջանում չի կարողանա հավակնել չեզոք կարգավիճակի, ինչը նրան թույլ կտար հանդես գալ միջազգային մրցաշարերում: Այդ մասին նա հայտնել Է «Match.TV»-ին Արևելյան տնտեսական ֆորումի (WEF) շրջանակում:
«Ներկա պահին չեմ կարող հարյուր տոկոսով ասել, թե հաջորդ մրցաշրջանն ինչ ձևաչափով կանցնի։ Շատերը կստանան չեզոք կարգավիճակներ և կմեկնեն միջազգային մրցումների։ Ես, ցավոք, այդ հնարավորությունից զրկված եմ մի շարք տարբեր պատճառներով, ես չեմ կարող չեզոք կարգավիճակ ստանալ», - ասել է մարզուհին։
Միևնույն ժամանակ Եգորյանը հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ մեծ սպորտից:
«Չեմ պատրաստվում հեռանալ։ Երկու շաբաթ անց Կիսլովոդսկ եմ մեկնում առաջին մարզական հավաքին, ուստի մարզավիճակս կպահեմ ու կգնամ այն մրցումներին, որտեղ մեզ սպասում են։ Ինչպես ասում են, եղածով պիտի բավարարվենք», - ասել է Եգորյանը։
Նշենք, որ սուսերամարտի միջազգային ֆեդերացիան (FIE) թույլ չի տվել Եգորյանին մասնակցել միջազգային մրցաշարերի: Հունիսին Յանա Եգորյանը դարձել էր ԲՐԻԿՍ–ի թիմային մրցումների հաղթող։