«Արմավիր» ՔԿՀ-ի 3 պաշտոնատար անձանց ծառայողական անփութության պատճառով կալանավոր է մահացել

ՔԿՀ
ՔԿՀ–ի 3 աշխատակիցներից 2–ի պաշտոնավարումը դադարեցվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձինք ոչ պատշաճ հսկողություն են իրականացրել քրեակատարողական հիմնարկի խցում պահվող անձանց նկատմամբ, որի հետևանքով արձանագրվել է անազատության մեջ գտնվող անձի սպանություն։ Դատախազը գործը հանձնել է դատարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Նշվում է, որ «Արմավիր» ՔԿՀ-ի մի շարք պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով չի բացահայտվել քրեակատարողական հիմնարկում պահվող անձի՝ խցակցի կողմից պարբերաբար բռնության ենթարկվելու դեպքը։ 2022 թվականի հոկտեմբերի 13-ին «Արմավիր» ՔԿՀ–ի խցերից մեկում հայտնաբերվել է կալանավորված անձ Ա.Յ.-ի դին:
«Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Յ.-ի հետ նույն խցում պահվող Ա.Հ.-ն պարբերաբար դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր այնպիսի մարմնական վնասվածքներ, որոնք հանգեցրել են վերջինիս մահվան»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ա.Հ.-ի վերաբերյալ քրեական գործը՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու մեղադրանքով, 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ուղարկվել է դատարան:
Պարզվել է նաև, որ 2022 թվականի հոկտեմբերի 13-ին «Արմավիր» ՔԿՀ–ի մասնաշենքի պահակետի շուրջօրյա հերթափոխում ընդգրկված անվտանգության ապահովման բաժնի երեք աշխատակիցները՝ Ա.Խ.-ն, Խ.Խ.-ն և Մ.Զ.-ն, պարտավոր լինելով ի թիվս այլնի իրականացնել խցերում պահվող անձանց վարքագծի նկատմամբ հսկողություն, պատշաճ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները։
Ըստ դիակի դատաբժշկական փորձաքննության՝ Ա.Յ.-ի մարմնական վնասվածքները պատճառվել են նրա կենդանության օրոք:
2024 թվականի հուլիսի 22-ին անվտանգության ապահովման բաժնի երեք աշխատակիցների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում պաշտոնեական անփութություն հոդվածով:
Քննիչի որոշմամբ՝ մեղադրյալներ Ա.Խ.-ի և Խ.Խ.-ի նկատմամբ կիրառվել էր այլընտրանքային խափանման միջոց բացակայելու արգելքը: Հսկող դատախազի՝ 2024 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ՝ Ա.Խ.-ի և Խ.Խ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է, համակցված կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:
Մեղադրյալ Մ.Զ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա մասով քրեական վարույթն անջատվել է: