ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թողարկել է հատուկ արտոնագիր, որը թույլ է տալիս Ռուսաստանի մասնակցությամբ հեռահաղորդակցության տվյալներ ստանալու և փոխանցելու գործողություններ կատարել, բայց արգելում է դրանք անել առանց հատուկ թույլտվության, եթե խոսքը վերաբերում է ռուսական «Առաջին ալիք», «Ռոսիա–1», НТВ հեռուստաալիքներին։
«Նշված արտոնագրով արգելվում է առանց հատուկ թույլտվություն ստանալու գործառնություններ կատարել, եթե խոսքը վերաբերում է «Առաջին ալիքին», «Ռոսիա-1»-ին, «ՆՏՎ»-ին, «Ալգորիթմ» ընկերությանը, «Նովոյե Վոստոչնոյե օբոզրենիե» ամսագրին և «Դիալոգ» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությանը»,– ասված է փաստաթղթում։
ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ կհաղթահարեն պատժամիջոցային ճնշումը, որը Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել: Ըստ ՌԴ–ի` Արևմուտքի խիզախությունը չի հերիքում, որ ընդունի Մոսկվայի դեմ պատժամիջոցների ձախողումը, թեև արևմտյան երկրներում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։