Ուսուցիչների պակասը հատկապես զգացվում է սահմանամերձ ու բարձրլեռնային բնակավայրում. իմ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
«Տարիներ շարունակ խոսվում է ուսուցիչների պակասի մասին, բայց կառավարությունը թույլ է տալիս կոպիտ սխալներ։ Մասնավորապես` անցյալ տարի 1000–ից ավելի ուսուցիչներ դուրս մնացին դպրոցներից միայն այն պատճառով, որ չունեին բարձրագույն կրթության դիպլոմներ։ Եվ շատ դպրոցներում որևէ մեկը չեկավ նրանց փոխարինելու»,– նկատում է փորձագետը։
Բացի այդ, Մխիթարյանի դիտարկմամբ, մանկավարժական բուհերի շատ մասնագիտություններ տարիներ շարունակ թափուր են մնում։
Նոր ուսումնական տարին նորովի բացահայտեց հանրապետության կրթական համակարգի ոչ այնքան նոր խնդիրները։ Սեպտեմբերի 1-ին ընդառաջ ու նաև դասապրոցեսի մեկնարկից հետո երևանյան ու մարզային դպրոցների տնօրեններից շատերը ֆեյսբուքում ստիպված են իրենց դպրոցների համար ուսուցիչներ փնտրել։
Թափուր աշխատատեղերը, դատելով այդ հայտարարւթյուններից քիչ չեն, ընդ որում` մասնագետների պակաս կա գրեթե բոլոր առարկաներից։