3 օր` գինու մասին. ՀՀ-ում կանցկացվի Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը

Գինու փառատոն. Արխիվային լուսանկար
Համաժողովի անցկացումը հիմնականում նպաստելու է Հայաստանի գինու զբոսաշրջության և գինեգործության ճանաչելիության բարձրացմանը համաշխարհային հարթակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Աշխարհի շուրջ 36 երկրից ավելի քան 100 գինեգործներ ու գինու զբոսաշրջության ներկայացուցիչներ կժամանեն Հայաստան` գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում ծանոթանալու հայ ժողովրդի գինեգործության պատմությունը։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանը։
Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 11-13–ը։
«Հայաստանն առաջին անգամ է նման մեծ միջոցառում կազմակերպում գինու զբոսաշրջության, գինեգործության ոլորտում։ Կարծում եմ` սա մեծ հնարավորություն է երկրի համար ցույց տալու ամբողջ ներուժը, որ ունենք։ Իհարկե, օրերը քիչ են, բայց փորձելու ենք հնարավորինս ցուցադրել այն ամեն ինչ ունենք»,–ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ համաժողովը Հայաստանում անցկացնելու համար դիմել են դեռ 2022 թվականին, և 2023 թվականին Իսպանիայում հերթափոխը փոխանցվեց Հայաստանին։ Այս միջոցառմանը մասնակցելու համար գրանցումներն աշխարհի տարբեր անկյուններից են` Պորտուգալիայից, Արգենտինայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Աֆրիկյան երկրներից և այլն։
Եռօրյա ծրագիրն էլ բավականին հագեցած է. առաջին օրը Հայաստանը կհյուրընկալի միջազգային հյուրերի, կլինեն սոցիալական, մշակութային ծրագրեր և մաստեր կլասներ։
«Փորձել ենք ընդգրկել հնարավորինս շատ գինեգործարաններ այս գործընթացում, որպեսզի կարողանանք ցուցադրել ամբողջ կարողությունը թե՛ գինեգործության, և թե՛ գինու զբոսաշրջության բնագավառում։ Այցելություն ենք ունենալու գինու գործարաններ, գինու պատմության թանգարան, Արենիի քարանձավ, որտեղ ցույց ենք տալու ինչ հին ժամանակներից է մեր մոտ ձևավորված այդ ամենը»,–հավելեց վարչության պետը։
Հովհաննիսյանի խոսքով` ՀՀ–ում համաժողովի անցկացումը հիմնականում նպաստելու է Հայաստանի գինու զբոսաշրջության և գինեգործության ճանաչելիության բարձրացմանը համաշխարհային հարթակներում։
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ընդգծեց, որ Հայաստանի գինեգործությունը շատ մեծ ժառանգություն ունի` սկսած պատմությունից, վերջացրած հայկական տեղածին խաղողի սորտերով` մենք հարուստ ենք հայկական տեղածին խաղողի սորտերով։
«Այս առումով բավականին հետաքրքիր և տարբերվող ենք, ու բացի դրանից հիմնականում այգիները պատվաստված չեն։ Սա հետաքրքիր է և մեզ առանձնացնում է այլ երկրներից, որովհետև տարիների ընթացքում այս սորտերը չեն կորցրել իրենց գենոտիպը»,–ասաց Մուրադյան
Հայաստանի գինու և գինեգործության պատմության ներկայացման համար 3 օրը իրականում քիչ է, սակայն Մուրադյանը վստահեցնում է, որ փորձել են բավականին հետաքրքիր կազմել 3 օրերի ծրագիրը, որպեսզի ցույց տան այն ամեն ամենը, ինչ ունենք։