Թուրքիան բացահայտել է իսրայելական հետախուզության «ֆինանսիստին». ԶԼՄ

Անկարա
Կասկածյալը խոստովանական ցուցմունք է տվել, նրան կալանավորել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT) բացահայտել է ինքնահռչակ Կոսովոյի «քաղաքացու», որը կասկածվում է «Մոսսադ» իսրայելական արտաքին հետախուզության գործակալների ֆինանսավորման համակարգը կառավարելու մեջ։ Տեղեկությունը հայտնում է TRT Haber–ը։
Հեռուստաալիքի տվյալներով` թուրքական հետախուզությունը հետևել է Կոսովոյի «քաղաքացի» Լիրիդոն Ռեջեփին (Liridon Rexhepi) օգոստոսի 25-ից, երբ նա մուտք է գործել Թուրքիա։
«Ստամբուլի ոստիկանությունը օգոստոսի 30-ին ձերբակալել է Ռեջեփին ։ Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ դրամական փոխանցումներ է իրականացրել։ Դատարանի որոշմամբ նա կալանավորվել է և գտնվում է անազատության մեջ», – ասվում է հրապարակման մեջ։
Հետախուզության ուշադրությունը գրավել է այն փաստը, որ Ռեջեփիի հաշիվներից մեծ թվով կասկածելի դրամական փոխանցումներ են արվել։
«Ռեջեփին գումար է փոխանցել «Մոսսադի»` Թուրքիայում գտնվող գործակալներին, որոնք անօդաչուներով նկարահանումներ են իրականացրել, գործողություններ կատարել պաղեստինցի քաղաքական գործիչների դեմ, տեղեկություններ հավաքել Սիրիայի մասին», – ասվում է հրապարակման մեջ։
Թուրքիայի հետախուզությունը պարզել է, որ «Մոսսադը» Արևելյան Եվրոպայի երկրների, նախևառաջ Կոսովոյի միջոցով «Western Union» համակարգով դրամական փոխանցումներ է արել Թուրքիայում գործող իր գործակալներին։ Թուրքիայում գտնվող գործակալներն էլ այդ միջոցներն օգտագործել են Սիրիայում։
Իսրայելի գործակալները Սիրիայում նաև կրիպտոարժույթ են օգտագործել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսին հայտարարեց, որ եթե Թուրքիան ուժեղ լինի, ապա կկարողանա մտնել Իսրայել, ինչպես նախկինում մտել է Լեռնային Ղարաբաղ և Լիբիա:
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացի արձագանքը չուշացավ։ Նա հայտարարեց, որ Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի ճանապարհով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա, և Թուրքիայի նախագահին հորդորեց հիշել Իրաքի նախկին առաջնորդի ճակատագրի մասին։ Դրանից հետո Կացը ՆԱՏՕ–ի բոլոր անդամ երկրներին կոչ արեց Թուրքիային անհապաղ հեռացնել դաշինքից։