ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 2-ին ՝ ժամը 22:00-ին, ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոմայրուղու Զանգակատան հատվածում ավտովթար է տեղի ունեցել, կան տուժածներ: «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է դիմացից ընթացող «ZIL» մակնիշի բեռնատարի հետնամասին։ Վթարի հետևանքով «Mercedes»-ի ուղևորներից 10 տարեկան աղջիկ երեխան տեղում էր մահացել, իսկ նրա 3 ամսական եղբայրը՝ «Արարատ» ԲԿ տեղափոխելու ճանապարհին։
Վարորդը՝ երեխաների հայրը, վարորդի կինն ու 5-ամյա դուստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» ԲԿ: Բժիշկները մոր վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, դստեր վիճակը՝ ծանր։
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը) 3-րդ մասի հատկանիշներով:
Իրականացվել է դեպքի վայրի և վթարված ավտոմեքենաների զննություն: Ստուգվել է վարորդների սթափությունը: Երկու մեքենաների վարորդներն էլ եղել են սթափ վիճակում։
Նշանակվել են դիակների դատաբժշկական, ինչպես նաև ավտոտեխնիկական փորձաքննություններ։
Ավտովթարի հանգամանքները պարզվում են։