Մարգարիտա Սիմոնյանը կներկայացնի Բեսլանի ողբերգության 20-րդ տարելիցին նվիրված իր ֆիլմը

Բեսլանի դպրոցը
Ֆիլմը նվիրված է Բեսլանի ողբերգությանը, որի հետևանքով ավելի քան 300 պատանդ մահացավ, այդ թվում` 186 երեխա և 19 փրկարար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կներկայացնի իր «Բեսլան 2004/2024» ֆիլմը՝ նվիրված Բեսլանի ողբերգության 20-րդ տարելիցին, պրեմիերան կկայանա սեպտեմբերի 3-ին՝ ժամը 23: 20-ին, «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրով։ Տեղեկությունը հայտնում է RT հեռուստաալիքի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ սեպտեմբերի 4-ից ֆիլմը տարբեր լեզուներով հասանելի կլինի RTD վավերագրական ալիքի կայքում և RT-ի եթերում:
«Ահաբեկչության վայրում, որտեղ երեխաներ են զոհվում, սովորաբար մանկական խաղալիքներ են տանում։ Իսկ այստեղ՝ Բեսլանի դպրոցում, ջուր են բերում, քանի որ այդ արարածները երեխաներին թույլ չէին տալիս խմել։ Եվ երեխաները սարսափելի շոգին նստած էին այստեղ», - ասում է Սիմոնյանը ֆիլմում։
Նշվում է, որ իր ֆիլմում նա հանդիպում է նախկին պատանդների հետ, որոնցից շատերը 20 տարի առաջ նկարահանված սյուժեների հերոսներն են։ 2004-ի ողբերգության բոլոր օրերին Մարգարիտա Սիմոնյանը, որն այն ժամանակ «Վեստի» հաղորդման թղթակից էր, ուղիղ եթեր էր դուրս գալիս իր ռեպորտաժներով ։
«Հիշում եմ, որ առաջին պայթյունից հետո սկսեցի զանգահարել Մոսկվա և ասել, որ այստեղ ինչ-որ սարսափելի բան է տեղի ունենում՝ պայթյուն, հետո երկրորդը․․․ Եվ կապը կտրվեց: Կապ մնաց միայն ֆլայքում (շարժական արբանյակային կայան)։ Ու մենք հասկացանք, որ... վերջ, և սկսվեց անկանոն կրակոցը: Մարդիկ, երեխաները վազում էին, այնտեղից՝ նրանց թիկունքից, կրակում էին։ Ամերիկացիները նետեցին իրենց զրահաբաճկոնները և փախան ինչ-որ տեղ: Մեր Էդիկ Բոնդարենկոն վերցրեց զրահաբաճկոնը, սկսեց ծածկել ինձ», - ֆիլմում հիշում է Սիմոնյանը։
Ֆիլմի հերոսները պատմում են, թե ինչպես է դասավորվել իրենց կյանքը։ Անժելա Սիդակովան հիմա ուսուցիչ է, և նրա որդի Ալանը նույնիսկ իր հարազատների համար առաջին անգամ մանրամասներ է պատմում այդ սարսափելի օրերի մասին: Կամբոլատ Աբաևը, որը 2004-ին նույնպես պատանդների թվում է եղել, դարձել է ռեանիմատոլոգ և ինքն է մարդկանց փրկել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:
Ֆիլմի հերոսներից մեկը Ռուսաստանի հերոս Վյաչեսլավ Բոչարովն է՝ «Վիմպել» հատուկ ստորաբաժանման խմբի նախկին հրամանատարը, որը մասնակցել է Բեսլանում պատանդների փրկությանը: Բոչարովի խոսքով՝ ԶԼՄ-ները, որոնք ռուս լրագրողներին մեղադրում էին պատանդների թիվը նվազեցնելու, իսկ ուժայիններին՝ մեծ թվով զոհերի համար, խնդիր ունեին իրադարձությունները շարադրել այն թեմատիկայով, որն անհրաժեշտ էր նրանց, ովքեր վճարում էին:
Հիշեցնենք` ավելի քան 30 հոգուց բաղկացած ահաբեկիչների ջոկատը 2004 թվականի սեպտեմբերի 1-ի առավոտյան գրավեց Բեսլանի թիվ 1 դպրոցը։ Ահաբեկիչները դպրոցի մարզադահլիճում փակեցին ավելի քան հազար պատանդի, այդ թվում՝ երեխաների։ Նրանց 3 օր բռնի ուժով պահեցին դպրոցում՝ առանց ջրի ու սննդի։
Սեպտեմբերի 3-ի կեսօրին դպրոցի շենքին մոտեցավ արտակարգ իրավիճակների նախարարության ավտոմեքենան 4 աշխատակիցներով, որոնք պետք է վերցնեին ահաբեկիչների կողմից սպանված տղամարդկանց մարմինները: Այդ պահին դպրոցում պայթյուններ հնչեցին, ինչից հետո երկու կողմից անկանոն կրակոցներ արձակվեցին, իսկ պատուհաններից և մարզադահլիճի պատի մեջ առաջացած ճեղքից սկսեցին դուրս ցատկել երեխաներն ու կանայք: Ողբերգության զոհ դարձավ 334 մարդ, այդ թվում՝ 318 պատանդ, որոնցից 186-ը երեխաներ էին։ Զոհվեցին նաև Ռուսաստանի ԱԴԾ հատուկ նշանակության կենտրոնի 10 աշխատակիցներ, ԱԻՆ երկու աշխատակիցներ և 15 ոստիկաններ: Վիրավորվեցին 810 պատանդներ, ԱԴԾ հատուկ նշանակության ուժերի, ոստիկանության աշխատակիցներ և զինծառայողներ: