ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն առաջարկում է մշակութային տարբեր հաստատությունների անվան «ազգային» բառը փոխարինել «պետականով»։ Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը ներկայացրեց «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Փոխնախարարի խոսքով՝ անհրաժեշտություն է առաջացել ավելի արժևորել պետություն, պետական և պետականություն բառերը։ Եթե որևէ թատրոն ունի պետական կարգավիճակ, ապա իր գործունեությունը պետք է լինի համապետական:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությունը բարձրագույն արժեք է՝ մենք առաջնորդվում ենք նրանով, որ մեր սանդղակը պետք է կարգաբերենք պետության համեմատ, և օրենքի նախագիծը հենց այս գաղափարն է արտացոլում»,- նիստի ընթացքում առաջարկվող փոփոխությունների ներկայացմանը միացավ նաև նախարար Ժաննա Անդրեասյանը։
Հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գասպարյանը չհամաձայնեց փաստարկների հետ։ Նրա խոսքով՝ «ազգայինը» կարգավիճակ է և մեջբերեց գործող օրենքից հատված․ ««Ազգային» կարգավիճակ շնորհվում է այն կազմակերպություններին, որոնք առանձնանում են ինքնատիպությամբ, կատարողական բարձր վարպետությամբ, անժամանցելի ձեռքբերումներով հարստացնում և զարգացնում են հայկական մշակութային ժառանգությունը, նպաստում են նրա պահպանմանն ու հանրահռչակմանը, խթանում են ազգային և համամարդկային արժեքների տարածմանը, նպաստում են հասարակության բարոյական և գեղագիտական դաստիարակությանը»։
Ըստ օրենքի՝ այս «ազգային» կարգավիճակը կարող է շնորհվել մշակութային գործունեության տվյալ ոլորտը և տեսակը ներկայացնող միայն մեկ կազմակերպության։
«Սա չի նշանակում, որ պետական չեն, կարող են լինելու պետական ու ազգային, դու հակադրում եք այս փիլիսոփայությունը պետականին»,- նշեց պատգամավորը։
Նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կատարողական նոր պահանջներ են սահմանված, որոնց ժամանակի ընթացքում բոլորը պետք է բավարարեն։
Պետք չէ ակնկալել, որ ամեն ոլորտում միայն մեկ հաստատություն պետք է բավարարի օրենքով թվարկվող պահանջներին, բարձր նշաձողին, նման պահանջներ պետք է գործեն յուրաքանչյուր հաստատության նկատմամբ։