ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր ընդունել է Բույսերի պաշտպանության Եվրոպական և Միջերկրածովյան կազմակերպության (EPPO) գլխավոր տնօրեն Նիկո Հորնի գլխավորած պատվիրակությանը։
Պարենային անվտանգության, գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրողականության բարձրացման, սննդամթերքի անվտանգության և շրջակա միջավայրի պաշտպանության ապահովման համատեքստում նախարարն անդրադարձել է Բույսերի պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպությանը (European and Mediterranean Plant Protection Organization - EPPO) անդամակցելու հնարավորությանը։
Նախարարը նշել է, որ իրականացվում է պարբերական մոնիթորինգ բույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերման նպատակով։ Առավել վտանգավոր վնասատուների (մորեխներ, մկնանման կրծողներ) դեմ պայքարի միջոցառումներ են անցկացվում։ Նախարարը կարևորել է ժամանակակից և առավել արդյունավետ մեթոդների համար փորձի փոխանակումը։
Պապոյանը նաև հավելել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է իրավական կարգավորումներ՝ պեստիցիդների և ագրոքիմիկատների շրջանառության փուլերում հետագծելիության ապահովման համար ռեեստրի ստեղծման համար։
Նշենք՝ օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանից Ռուսաստան արտահանված ելակի մեջ հայտնաբերվել է վտանգավոր պեստիցիդ՝ տեբուկոնազոլ։ Հատապտուղների խմբաքանակը նախատեսվում էր իրականացնել Մոսկվայում, Մոսկվայի մարզում և Տուլայի մարզում։
Սեպտեմբերի 2-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր՝ եղել է բեռնատար, որի մեջ եղել է ելակ, որը խնդիրներ է ունեցել։ Նա հայտնել էր, որ հիմա նոր լաբորատորիա է հավատարմագրվել Բագրատաշենում, որտեղ մանրամասն ստուգվելու է արտահանվող մթերքը։
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր հայկական 16 ընկերությունների արտադրանքներում բուսասանիտարական խախտումների մասին և Հայաստանի սննդի տեսչությանն առաջարկել ժամանակավորապես դադարեցնել դրանց մատակարարումները Ռուսաստան մինչև հետաքննության ավարտը:
Ավելի ուշ, Հայաստանի սննդի տեսչության ղեկավար Արմեն Հայրապետյանի և «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտի բանակցությունների արդյունքում, 16 ընկերություններից մեկի նկատմամբ կիրառված սահմանափակումները հանվել են: