Ինձ նստեցրեք, բայց Էստոնիայում. այս երկիրը մտադիր է վարձակալության հանձնել իր բանտախցերը

ՔԿՀ. Արխիվային լուսանկար
Sputnik
Փոխանակ բողոքենք, որ նավթ չունենք, գազ չունենք, կարգին ղեկավար չունենք, փամփուշտ ալ չունենք՝ եկեք Հայաստանի նման փոքր ու հարուստ բնական պաշարներից զուրկ երկրներից սովորենք, թե ինչպես կարելի է ամեն ինչից, նույնիսկ բանտերից պատկառելի օգուտ ստանալ։ Օրերս Էստոնիայի արդարադատության նախարար Լիյզա-Լի Պակոստան առաջարկ է ներկայացրել կառավարությանը, ըստ որի, երկրի երեք բանտերում եղած ազատ տեղերը վարձակալության հանձնելով այլ պետություններին, Էստոնիան կարող է պատկառելի եկամուտ ստանալ։
Ես, իհարկե, չեմ առաջարկում բանտերի զանգվածային շինարարություն ծավալել Հայաստանում, որովհետեւ Էստոնիայում ազատ բանտախցերի ավելցուկն առաջացել է ոչ թե բանտերի առատությունից, այլ այն պարզ պատճառով, որ հանցագործության մակարդակն այդ երկրում ամենացածրերից մեկն է Եվրոպական Միությունում։ Այսինքն` տրամաբանությունն այստեղ շատ շահեկան է՝ որքան ավելի անվտանգ լինեն մեր բնակավայրերը, այնքան ավելի շատ բանտարկյալ «կներմուծենք» այլ պետություններից, ինչն էլ իր հերթին թույլ կտա ավելի մեծ ֆինանսական օգուտ ստանալ։
Կարճ ասած` այլ երկրների հանցագործները «կնպաստեն» մեր քաղաքացիների բարեկեցության և անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև աշխատատեղերի ավելացմանը։
Իսկ այլ երկրների իշխանությունները խնդրում են։ Գիտե՞ք արդյոք, որ եթե թեկուզ մանր հանցագործություն կատարեք Մեծ Բրիտանիայում, դեռ պետք է հերթ կանգնեք բանտ ընկնելու համար։ Որովհետեւ անգլիական բանտերը գերծանրաբեռնված են, և այնտեղ սկսել է գործել «մեկը դուրս է գալիս, մեկը մտնում է» սկզբունքը։ Այսինքն` ենթադրենք, թե մի քանի սալիկ Cadbury հանրահայտ անգլիական շոկոլադ եք գողացել Լոնդոնի սուպերմարկետից։ Ձեզ կպահեն ոստիկանական մեկուսարանում այնքան ժամանակ, մինչեւ բանտից ինչ-որ մեկն ազատվի։ Միայն դրանից հետո արագ կդատեն ու կնստեցնեն։ Համարեք, որ ձեր բախտը բերել է, ուրիշները ամիսներով են իրենց հերթին սպասում։
Իսկ Էստոնիան առաջարկում է՝ ինչո՞ւ եք խեղճ մարդկանց մեկուսարաններում սպասեցնում։ Բերեք մեզ մոտ, մեր բանտերում կպահենք, միայն թե, ամեն բանտարկյալի համար ձեր կառավարությունը մեր բյուջե պիտի փոխանցի ամսական 3500 եվրո։ Շատ չի, հարևան Լատվիայում ավելի թանկ է։ «Կուզեի շեշտել, որ բանտային համակարգը Էստոնիայում իսկապես շատ արդիական է, տնտեսապես հիմնավորված։ Այլ երկրներում ամսական վարձը, որպես կանոն, ավելի բարձր է, իսկ մեզ մոտ ծախսերը Եվրամիության միջինից ցածր են»,- փաստել է Էստոնիայի արդարադատության նախարարը և ավելացրել. «Եթե մենք կարողանանք այլ երկրների 250-300 բանտարկյալ պահել, տարեկան կստանանք մոտ 30 միլիոն եվրո»։
Բայց արդյոք էստոնական բանտերը կարո՞ղ են գրավիչ լինել այլ երկրների համար։ Իշխանությունները պնդում են, թե ոմանք դեռ ապրում են հին պատկերացումներով, կարծում են, թե էստոնական բանտային համակարգում պահպանվել են Սովետի բարքերը։ Դա բոլորովին այդպես չէ. բոլոր արատավոր երևույթները վաղուց վերացվել են, անձնակազմը հիմնովին փոխվել է, բանտախցերում ստեղծված են բոլոր հարմարությունները, եթե ուզում եք, կարող եք ձեր հեռուստացույցը բերել, բանտի խանութից պաղպաղակ գնել, ինտերնետից էլ իրավունք ունեք օգտվելու, բայց, իհարկե, որոշակի սահմանափակումներով։ Սակայն ամենակարևորն այն է, որ բոլոր բանտերում գործում է երկաստիճան համակարգը։ Սկզբնական շրջանում ձեր նկատմամբ կիրառվում է փակ ռեժիմը՝ պիտի ապրեք խցում, մասնակցեք որոշակի աշխատանքների և լինեք մշտական հսկողության տակ։
Բայց հետո, եթե ոչ մի խախտում թույլ չտաք, ձեզ փոխադրում են բաց ռեժիմի։ Այսինքն` երեկոյան, իհարկե, պիտի անպայման վերադառնաք բանտ, բայց առավոտից կարող եք դուրս գալ, աշխատել ձեր ընտրած ընկերությունում, բարձր աշխատավարձ ստանալ, նույնիսկ ճաշել ռեստորանում, թեև բանտում ձեզ անվճար կերակուր կտան բոլոր դեպքերում։
Միայն մի խիստ պայման կա՝ եթե հանկարծ խախտեցիք բաց ռեժիմը, անմիջապես կրկին տեղափոխվելու եք փակ ռեժիմ։ Բայց նման դեպքերը հազվադեպ են։ Տալլինի բանտի հոգևորական Ալան Կրոլը ասում է. «Բաց ռեժիմի բանտը միջոց է, որով դատապարտյալին նախապատրաստում են ազատ արձակելուն, որպեսզի նա այլևս կրկին չհայտնվի ճաղերի հետևում, այսինքն` դա, այսպես ասած՝ յուրօրինակ կամուրջ է ազատազրկված լինելու և ազատության միջև»։
Ու մեկ էլ՝ եթե լեզուն չգիտեք, բանտում կարող եք էստոներեն սովորել։ Այդ նպատակով ձեզ կազատեն աշխատելու պարտականությունից, և շաբաթը երեք անգամ կմասնակցեք լեզվի դասերին։ Դեռ մի բան էլ կխրախուսեն՝ վեցամսյա դասընթացներից հետո 300 եվրո պարգև կստանաք։ Այս ամենը գրեցի ու մտածեցի՝ Էստոնիայում մի անգամ եղել եմ, բայց ոչ բանտում։ Չգնա՞մ մի քանի ամիս նստեմ, էստոներեն էլ կսովորեմ, դեռ մի բան էլ փող կտան։