ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Արդարադատության նախարարությունն առաջարկում է համապարփակ կարգավորման ենթարկել պետությունների միջև քրեական վարույթներով միջազգային համագործակցությունը: Այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը` ՀՀ ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին ներկայացնելով «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագիծը։
«Առանձին կարգավորման առարկա են դարձել հանձնումների, դատապարտյալների փոխանցման, օտարերկրյա պետության կամ Հայաստանի Հանրապետության տարածքում դատապարտված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց հսկողություն իրականացնելու համար տեղափոխելու ընթացակարգերը։ Պետք է կարգավորվեն նաև օտարերկրյա պետությունների և միջազգային դատարանների դատավճիռների ճանաչման և դրանց հետևանքների առնչությամբ իրավական հարաբերությունները։ Ցավոք, մեր հանրությունում երբեմն շփոթում են դատապարտյալների փոխանցումն էքստրադիցիաների հետ»,– նշեց Հարությունյանը։
Նախատեսվում է առաջին անգամ օրենքում գլուխ մտցնել, որը նախատեսում է պայմանական վաղաժամկետ ազատվածների հսկողություն իրականացնելու համար տեղափոխել յնման երկիր, որի քաղաքացին է հանդիսանում այդ անձը։ Հարությունյանը շեշտեց` բազմաթիվ դիմում–բողոքներ են ստացվել հայրենակիցներից, որոնք այլ պետություններում ազատազրկված չեն, բայց միայն հսկողության իրականացման պատճառով հնարավորություն չունեն հայրենիք վերադառնալու։
Սահմանվել են նաև անձի բացակայությամբ կայացված դատավճռի կատարման ապահովման, հանձնումը մերժելու դեպքում ՀՀ տարածքում հետապնդում իրականացնելու, անձի փաստացի հանձնման նպատակով կալանավորման, hանձնումը հետաձգելու, կրկնակի հանձնմանն առնչվող իրավակարգավորումներ, որոնք ներպետական օրենսդրությամբ ամրագրված չեն եղել:
Փոխնախարարի խոսքով՝ նախագծի առանձին հոդվածներով ամրագրվել են անչափահասների հանձնմանն առնչվող առանձնահատկություններ:
Նշվել է, որ օրենքի նախագծի վրա արդարադատության նախարարությունն աշխատել է գլխավոր դատախազության հետ:
ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրեց, որ նախագծի վերաբերյալ լինելու է աշխատանքային քննարկում:
Օրենսդրական նախաձեռնությունն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը: