ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Գորիսում 28-ամյա երիտասարդի են առևանգել, դաժան բռնության ենթարկել, կողոպտել, փաստաթղթերը հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Կատարվածի վերաբերյալ երիտասարդն է հաղորդում ներկայացրել օգոստոսի 21-ին՝ ժամը 14:10-ին:
Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ տուժողը տելեգրամի «Հայերով» անվամբ զրուցարանի միջոցով ծանոթացել է մի աղջկա հետ։ Այնուհետև տվյալ աղջիկը, Մեղրիի 27-ամյա բնակիչ երիտասարդի և մեկ այլ անձի հետ, դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով, 28-ամյա երիտասարդին խաբեությամբ հրավիրել է վարձակալած բնակարան՝ իբր ընկերուհու և նրա ընկերոջ հետ հանդիպելու:
Օգոստոսի 20-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, երիտասարդը գնացել է աղջկա կողմից մատնանշված՝ Երևանի Վաղարշյան փողոցում գտնվող բնակարան, որտեղ եղել է նաև Մեղրիի հիշյալ բնակիչը:
28-ամյա երիտասարդի՝ բնակարան մտնելուց հետո փակել են բնակարանի դուռը, հետևից հարվածել ու վայր գցել երիտասարդին, սկսել հայհոյել նրան, ոտքերով հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին, ինչը տևել է մի քանի ժամ: Այնուհետև վերցրել են տուժողի փաստաթղթերը, բանկային քարտը, կանխիկ գումարը և այլ իրեր՝ հետագայում դրանք վերադարձնելու դիմաց պահանջելով 50.000-100.000 ՀՀ դրամ:
Երիտասարդին քարշ են տվել բնակարանի հյուրասենյակում և դանակներով սպառնացել գոռալու դեպքում վնասել նրան, այդ թվում՝ կտրել նրա ականջը կամ մատը։ Հետո 27-ամյա երիտասարդը մուրճով հարվածել է տուժողի դաստակին և ոտքին, իսկ որ բղավոցի ձայները չլսվեն, կտորով կապել է նրա բերանը, այնուհետև իր մոտ գտնվող դանակը դրել է ցուցամատին և մուրճով հարվածել դանակին, սակայն մատն ամբողջությամբ չի կտրվել: Ժամը 06:00-ին մոտ տուժածին թողնել են բնակարանում ու հեռացել՝ տուժողի բջջային հեռախոսից վերցնելով նրա ընտանիքի անդամների լուսանկարները և սպառնալով, որ կատարվածի մասին որևէ մեկին հայտնելու դեպքում նույն կերպ են վարվելու նաև նրա ընտանիքի անդամների հետ:
Օգոստոսի 28-ին 27-ամյա երիտասարդը ձերբակալվել է։
Վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 5-րդ կետով, 196-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերով, 258-րդ հոդվածի (Շորթումը) 2-րդ մասի 8-րդ կետով և 456-րդ հոդվածի (Փաստաթղթեր հափշտակելը) 2-րդ մասի 1-րդ կետով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությանն առերևույթ մասնակից մյուս երկու անդամներին հայտնաբերելու ուղղությամբ: