Երևանում 22 և 23-ամյա աղջիկները բարձրացել են 30-մետրանոց ծխատարը և չեն կարողացել իջնել

Փրկարարներն ահազանգով մեկնել են դեպքի վայր և անվնաս իջեցրել քաղաքացիներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Երևանում 2 երիտասարդ բարձրացել են չգործող կաթսայատան ծխատար աշտարակն ու չեն կարողացել ինքնուրույն իջնել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է 20։00-ի սահմաններում։ Փրկարարները մեկնել են Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի մոտակայքում գտնվող չգործող կաթսայատան մոտ։
Նրանք ծխատար աշտարակից՝ մոտ 30 մ բարձրությունից, անվնաս իջեցրել են 22-ամյա Ա․ Բ․-ին և 23-ամյա Տ․ Ա․-ին։
Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի կաթսայատանը։ Կիսավթարային ծխատարին բարձրացել էին 2 աղջիկ՝ Անահիտն ու Տաթևը։