ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Սևծովյան ստորջրյա մալուխի անցկացման նախագծի իրականացումը կամրապնդի Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը։ Այս մասին Բուխարեստում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։
Այսօր Բուխարեստում կայացել է 8-րդ քառակողմ նախարարական հանդիպումը ՝ Վրաստանի, Ադրբեջանի, Ռումինիայի և Հունգարիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախարարական հանդիպման շրջանակում մասնակից երկրների ընկերությունները համաձայնագիր են ստորագրել միասնական ձեռնարկություն ստեղծելու մասին։
«Նախագիծը կամրապնդի էներգետիկ անվտանգությունը Եվրոպայում և Հարավային Կովկասի տարածաշրջանում, կնպաստի էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացմանը», - ասել է Դավիթաշվիլին:
Նրա խոսքով՝ նախագիծը հատուկ նշանակություն ունի Վրաստանի համար, այն երկիրը և տարածաշրջանն ընդհանուր առմամբ կկապի ԵՄ-ի հետ:
Հիշեցնենք, որ Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի անցկացման թեման քննարկվում է արդեն մի քանի տարի։ Հայաստանը նախագծի նկատմամբ իր հետաքրքրության մասին պաշտոնապես հայտնել է 2023 թվականի հոկտեմբերի վերջին։ Նախագիծը նախատեսում է Ադրբեջանից Ռումինիա Սևծովյան էլեկտրական մալուխի անցկացում ՝ Վրաստանի ու Հունգարիայի միացմամբ։
2022 թվականի դեկտեմբերին Բուխարեստում ստորագրվել է համապատասխան համաձայնագիր։ ԵՄ –ն մտադիր է 2,3 մլրդ եվրո հատկացնել նախագծի իրականացման համար, որի նպատակն է վերականգնվող էներգիայի առևտրի նոր հնարավորություններ ստեղծել Միության երկրների և Հարավային Կովկասի միջև: