ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Բաքվում կոչ են արել Եվրամիությանը՝ դադարեցնել միջամտել Ադրբեջանի ներքին գործերին: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն, «Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Պետեր Ստանոյի սուբյեկտիվ և կանխակալ հայտարարությունները, որոնք կրկնում են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի բացասական եզրակացությունները, իրավաչափ չեն»:
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով մամուլի քարտուղար Պետեր Ստանոն ավելի վաղ քննադատել էր Ադրբեջանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Նրա խոսքով՝ ընտրություններն անցել են քաղաքական և իրավական կոշտ միջավայրում, որը չի ապահովել իրական բազմակարծություն և հանգեցրել է մրցակցության բացակայության:
«Ադրբեջանում ընտրություններն անցել են երկրի Սահմանադրությանը և օրենքներին լիովին համապատասխան։ Կոչ ենք անում ԵՄ պաշտոնյաներին գիտակցել Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու իրենց գծի անհեռանկարայնությունը և կենտրոնանալ անդամ երկրների (Եվրամիության-խմբ.) ներքին խնդիրների վրա»,– գրել է Հաջիզադեն X սոցցանցում:
Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: 5 տարի ժամկետով ընտրվող 125 պատգամավորական մանդատի համար պայքար է ծավալել 990 թեկնածու։ Ընտրությունների արդյունքում իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը երկրի խորհրդարանում ստացել է ամենաշատ տեղերը: