Կայացել է Չինաստան-Հայաստան առաջին ուղիղ չվերթը

Կայացել է Չինաստան-Հայաստան առաջին ուղիղ չվերթը
Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Այսօր առաջին անգամ կայացել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև: Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարար Սանոսյանը չվերթը պատմական է անվանել։
«Այս ուղղությամբ, կարծում ենք, մեծ պահանջարկ կա և այն բոլոր կողմերից կհեշտացնի մարդկանց կյանքը և կխնայի բավական մեծ ժամանակ, ովքեր Հայաստանից Չինաստան կամ հակառակ ուղղությամբ մտադրություն ունեն թռիչքներ կատարելու: Չվերթները վստահաբար կմեծացնեն ուղևորաշրջանառությունը, կխթանեն երկու ժողովուրդների միջև կրթական, մշակութային հաղորդակցությանը»,-լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը:
Նա նաև վստահ է, որ ուղիղ ավիահաղորդակցությունը կնպաստի նաև զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը։
Նախարար Սանոսյանն ընդգծել է, որ հետևողականորեն շարունակելու են ընդլայնել դեպի Հայաստան ուղիղ չվերթերի աշխարհագրությունը։ Նա խոստացել է, որ շուտով կլինեն նոր չվերթեր դեպի աշխարհի խոշոր քաղաքներ ու երկրներ։
Հավելենք, որ Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով չվերթերն իրականացնում է չինական China Southern Airlines ավիաընկերությունը։
Ուրումչին Սինծիան շրջանի կենտրոնն է։
Կայացել է Չինաստան-Հայաստան առաջին ուղիղ չվերթը
ՀՀ-ում Չինաստանի դեսպան Պան Յունն էլ մի քանի հավելյալ մանրամասներ է հայտնել սոցցանցի էջում։
CZ5091/2 համարի չվերթը կիրականացվի յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին։ Թռիչքը կիրականացվի B737-800 տեսակի ինքնաթիռներով (ավելի քան 300 նստատեղ):
CZ5091 չվերթը կմեկնի Ուրումչի քաղաքից 16:00-ին Պեկինի ժամանակով և կժամանի Երևան տեղական ժամանակով 17:35-ին: CZ5092 համարի հետադարձ չվերթը Երևանից կմեկնի տեղական ժամանակով 21:50-ին և վայրէջք կկատարի Ուրումչիում Պեկինի ժամանակով 07:00-ին, թռիչքի տևողությունը ընդամենը 5 ժամ է:
Կայացել է Չինաստան-Հայաստան առաջին ուղիղ չվերթը
Ուղևորները կարող են նույն օրը Ուրումչիից մեկնել Պեկին, Շանհայ, Գուանչժոու և Չինաստանի այլ 41 քաղաքներ։
Նշենք, որ տևական ժամանակ է՝ քննարկվում էր Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հարցը։ Վերջին շրջանում ակտիվացել են բոլոր մակարդակներում փոխադարձ այցերը։ Հայաստանը նաև զբոսաշրջային հետաքրքիր ուղղություն է դարձել չինացի զբոսաշրջիկների համար, որոնք ևս ավելի հաճախ են սկսել մեր երկիր գալ։ 2020 թվականի հունվարի 19-ից փոխադարձության սկզբունքով երկու երկրների միջև զբոսաշրջիկների համար ազատ վիզային ռեժիմ է գործարկվել։