Թուրքիան ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել. ԶԼՄ

ԲՐԻԿՍ
Թուրքիայում կարծում են, որ ԲՐԻԿՍ–ը կարող է աշխարհը ազատել դոլարի գերիշխանությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիան պաշտոնապես հայտ է ներկայացրել ԲՐԻԿՍ միջպետական միավորմանն անդամակցելու համար։ Տեղեկությունը հայտնում է «Bloomberg»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին ։
Գործակալության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը կարծում է, որ ծանրության աշխարհաքաղաքական կենտրոնը տեղաշարժվում է այն երկրներից, որոնք միշտ համարվել են տնտեսապես զարգացած:
«Թուրքիան ցանկանում է այդպիսով ուժեղացնել իր գլոբալ ազդեցությունը և նոր կապեր հաստատել այլ պետությունների հետ, բացի ավանդական արևմտյան դաշնակիցներից»,– գրում է պարբերականը:
Ավելի վաղ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է ընդգրկվել ԲՐԻԿՍ-ի կազմում, և այդ հնարավոր անդամակցությունը նա անվանել էր «լավ այլընտրանք» Եվրամիությանը, որին անդամակցելու հայտ է ներկայացվել դեռ 1987 թվականին:
1999 թվականին Թուրքիան պաշտոնապես ճանաչվեց ԵՄ լիիրավ անդամակցության թեկնածու։ 2005թ. սկսվեցին ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, սակայն մինչ օրս կան չլուծված հարցեր` մարդու իրավունքներից մինչև արտաքին քաղաքականություն:
2006 թվականին հիմնադրված միջկառավարական կազմակերպության կազմում ընդգրկված են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, ՀԱՀ-ը, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը և ԱՄԷ-ն: Օգոստոսի վերջին Ադրբեջանը պաշտոնապես հայտ ներկայացրեց ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար։
Արդեն հաստատվել են ամուր տնտեսական կապեր. փորձագետը՝ ԲՐԻԿՍ-ին Հայաստանի ինտեգրման մասին