ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Կիրանցի նորակառույց դպրոցում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարևոր արձանագրում է»,– հայտարարել է նա:
Փաշինյանի խոսքով` երբ ասում են, որ Կիրանցում դպրոց գնալն անվտանգ է, դա ինքնին պետք է նշանակի, որ ադրբեջանական Խեյրիմլի գյուղում էլ դպրոց գնալը նույնքան և նույնպես անվտանգ է:
Փաշինյանը վստահ է` այն, ինչ տեղի է ունեցել Կիրանցում՝ սահմանազատման գործընթացը, ահռելի հաջողություն է մեր պետության համար:
«Սա մեծ հաջողություն է, որովհետև երբ դու չգիտես որտեղ է սկսվում և ավարտվում քո պետությունը, հարց է առաջանում՝ դու պետություն ունե՞ս, թե՞ չունես: Մենք Հայաստանի անկախ, ինքնիշխան, սուվերեն, ուժեղ, խաղաղ պետության առաջին լրջագույն անկյունաքարը դրել ենք Կիրանցում»,– վստահեցրել է նա:
Ըստ Փաշինյանի` նորակառույց դպրոցը Կիրանցի վերածննդի ամենակարևոր խորհրդանիշն է, բայց նաև մեր ընկած բոլոր եղբայրների ամենախոսուն և ամենակարևոր հուշարձանն է: