Պապիկյանն ու Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել են Թբիլիսիում. ի՞նչ են պայմանավորվել

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները
Հայաստանում և Վրաստանում կարծում են, որ ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը նպաստում է տարբեր ոլորտներում առկա համագործակցության ամրապնդմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Իրակլի Չիկովանին պաշտպանական ոլորտի համագործակցությանն ու տարածաշրջանի կայունությանն առնչվող հարցեր են քննարկել։ Վրաստանի ՊՆ–ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ քննարկումը կայացել է Թբիլիսիում Պապիկյանի գլխավորած պատվիրակության այցի ժամանակ։
Մասնավորապես նախարարները քննարկել են հայ–վրացական բարեկամական հարաբերությունները։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև 2024 թվականի հունվարին Թբիլիսիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու ստորագրած «ՀՀ–իև Վրաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին» հռչակագրին։
ՀՀ պաշտպանության նախարարությունից էլ տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում նախարարները կարևորել են ռազմական կրթության բնագավառում փորձի փոխանակման ուղղությամբ համագործակցության ակտիվացումն ու ընդլայնումը, ինչպես նաև երկուստեք ընդգծել են տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատելու կարևորությունը:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր խմբերի փոխայցելությունների միջոցով ուսումնասիրել նաև երկկողմ պաշտպանական համագործակցության հետագա ընդլայնման ու նոր ոլորտների ընդգրկման հնարավորությունները»,– ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ այցի շրջանակում Պապիկյանը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Հիշեցնենք, որ հուլիսին պաշտոնական այցով Հայաստանում էր Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին։