ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում պետք է կարևորել և ջանքեր գործադրել կրթական համակարգի զարգացման համար։ Գիտելիքի օրվա առթիվ նման ուղերձով է հանդես եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Գիտելիքը և կրթությունը մեր կյանքի կարևորագույն հենասյուներն են, որոնք օգնում են ձևավորել մեր հասարակությունը և կայացնել մեր պետությունը։ Այսօր, երբ արագընթաց կերպով փոփոխվող աշխարհում նոր հնարավորություններ և մարտահրավերներ են բացվում, առավել քան երբևէ կարևոր է, որ շարունակաբար ջանքեր գործադրենք մեր կրթական համակարգը զարգացնելու համար։ Մեր աշակերտներն ու ուսանողները ապագայի առաջնորդներն են, և նրանց մեջ ներդրված ամեն մի գիտելիք ու հմտություն արժեքավոր ներդրում են մեր պետության, ու հասարակության հաջողության կայացման գործում»,– ասված է ուղերձում։
Նրա խոսքով` Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունն ու պարտականությունն է, որպեսզի յուրաքանչյուր երեխա և երիտասարդ ունենա հավասար հնարավորություն՝ ստանալու որակյալ կրթություն և զարգանալու իր կարողությունների ամբողջականությամբ։
Խաչատուրյանը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր ուսուցիչներին իրենց կատարած աշխատանքի համար, իսկ աշակերտներին և ուսանողներին մաղթել է նորանոր ձեռքբերումներ և քաջառողջություն։