Կարևոր է մարտահրավերների դեմ համատեղ պայքարը. Վրաստանի վարչապետն ընդունել է Պապիկյանին

Սուրեն Պապիկյանն ու Իրակլի Կոբախիձեն
Կողմերը քննարկել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Կողմերը կարևորել են առաջացող մարտահրավերների դեմ համատեղ պայքարը։ Տեղեկությունը հայտնում է հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները նաև երկկողմ համագործակցությանը և երկրների միջև բարեկամական կապերի զարգացմանն ուղղված հարցեր են քննարկել։
Կողմերն ընդգծել են, որ 2024 թվականի հունվարին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին» հռչակագիրը հիմք է տալիս տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը։
Վրաստանի վարչապետն ու ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել են տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հաստատման կարևորությունը:
Վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով է գտնվում Վրաստանում։ Նա արդեն հանդիպել է վրացի գործընկերոջ հետ։