ՀՀ կառավարությունը սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը կքննարկի ամսի 5-ին

ՀՀ կառավարություն
Կանոնակարգը ենթադրում է սահմանազատման աշխատանքների կազմակերպում և համապատասխան փաստաթղթերի ընդունում, պետական սահմանի անցման արձանագրություն–նկարագրության կազմում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 5–ի նիստում կքննարկի Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգը, որը հրապարակվել է e-gov հարթակում։
Օգոստոսի 30-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
Ինչպես նշվում է հրապարակված փաստաթղթում, կանոնակարգը ենթադրում է սահմանազատման աշխատանքների կազմակերպում և համապատասխան փաստաթղթերի ընդունում, պետական սահմանի անցման արձանագրություն-նկարագրության, համապատասխան մասշտաբի սահմանազատման քարտեզի կազմում, համապատասխան փորձագիտական խմբերի աշխատանք: Նշվում է, որ կանոնակարգը և դրա հիման վրա ընդունվող փաստաթղթերը լրացնում են հանձնաժողովների գործունեության իրավական հիմքերը, որոնք ուղղված են սահմանազատման և սահմանագծման աշխատանքների բնականոն ընթացքին:
«Դրանով կարգավորվում են նաև հետագայում հանձնաժողովների աշխատանքների արդյունքում երկու պետությունների միջև կնքվելիք պետական սահմանի մասին պայմանագրին առնչվող ընթացակարգային հարցերը, որում ՀՀ պետական սահմանի միջազգային իրավական հիմքերի ամրագրումը ՀՀ անվտանգության ամրապնդման, ինչպես նաև սահմանների անքակտելիության և տարածքային ամբողջականության ապահովման իրավական երաշխիքներից է»,– ասված է կանոնակարգում։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն ուղարկվելու է ՍԴ։