Առաջին քայլերն առանց ուսուցչի. Ջրափիի առաջին դասարանցիները դասվար են փնտրում

Sputnik Արմենիան այսօր այցելել էր Շիրակի մարզի Ջրափի գյուղ համացանցի «աստղեր» դարձած առաջին դասարանցիների հետ հանդիպելու համար։
Sputnik
Շիրակի մարզի Ջրափի գյուղի հինգ առաջին դասարանցիներն ուսումնական տարվա առաջին օրն անցկացրեցին առանց դասվարի։ Նրանց հետ այսօր դաս էր անցկացնում դպրոցի փոխտնօրենը։ Մարզպետարանից խոստացել են հարցին շուտափույթ լուծում տալ, բայց ուսուցիչ դեռ չի գտնվել։
Ջրափի գյուղի հինգ առաջին դասարանցիները
Մինչ հարցը պաշտոնական լուծում կստանա, երեխաները փորձում են իրենց ուժերով լուծում տալ։ Որպեսզի դպրոց չգնան առանց ուսուցչի, թրենդային տեսանյութ էին նկարել, որն արդեն բազմահազար դիտումներ ունի սոցցանցերում։
Տեսանյութի տարածումից հետո երեխաների խնդրով հետաքրքրվողներ շատ են եղել, որոշ ուսուցիչներ անգամ պատրաստակամություն են հայտնել գալ Ջրափի դասավանդելու, բայց առաջ է եկել հաջորդ խնդիրը` այլ համայնքներից այս գյուղ հասնելը շատ դժվար է։
Ջրափիի դպրոցի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանը
«Պետությունը տրանսպորտի գումար տալիս է, բայց տրանսպորտ չկա` ո՛չ համայնքի կենտրոնից, ո՛չ Գյումրիից։ Գալիս են ուսուցիչները, տեսնում են պայմանները ու հրաժարվում են մասնակցել մրցույթին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է դպրոցի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանը։
Ուսուցիչների խնդիր գյուղի միջնակարգ դպրոցում նախորդ տարիներին էլ է եղել, բայց հարցը լուծել են հեռավար ուսուցում կազմակերպելով։
«Նման դեպք եղել է մեծ դասարանցիների հետ, իրենք նստել են, լսել են. մեծ են, հասկանում են, բայց 1–ին դասարանի երեխաների հետ անհնար է դա կազմակերպել։ Հիմա իրենք կգան դասի, դասացուցակն այնպես կկազմենք` մյուս դասվարները կմտնեն իրենց դասարան, մեր ներսի ուժերով կհաղթահարենք, մինչև տեսնենք` ինչ է լինում»,– նշում է դպրոցի փոխտնօրեն Մելանյա Սարիբեկյանը։
Ջրափիի դպրոցի փոխտնօրեն Մելանյա Սարիբեկյանը
Գյուղի միջնակարգ դպրոցում 77 աշակերտ կա։ Նախորդ տարվա համեմատ թիվը նվազել է։ Գյուղից շատ երիտասարդ ընտանիքներ տեղափոխվում են քաղաք` գյուղում աշխատանք չունենալու պատճառով։ Այս տարի դպրոցում 6-րդ դասարանցի չկա։ Երկրորդ դասարանում էլ 2 հոգի են։ Հովիկն ու Շիրակն անցած տարի դասընկերուհի էլ են ունեցել, բայց այս տարի երկուսով են մնացել։ Շատ համադասարանցիներ ունենալու մասին անգամ չեն մտածում։
«Դե հավես է երկու հոգով, մեզ խանգարող չկա։ Մի Յանա ունեինք, մեզ շատ էր խանգարում, երկուսով ավելի լավ է»,– ոգևորված պատմում են տղաները։
2–րդ դասարանի աշակերտներ Հովիկն ու Շիրակը
Ջրափիի դպրոցը վերջին անգամ վերանորոգվել է 17 տարի առաջ։ Շենքը կառուցվել է 1968 թ.–ին, շահագործման է հանձնվել` 1975-ին, հիմա վթարային է։ Կառավարությունից խոստացել են, որ գյուղում նոր դպրոց կկառուցեն։ Սպասում են։
1 / 4

Ջրափիի դպրոցը

2 / 4

Ջրափիի դպրոցի առաջին դասարանցի Լյովան

3 / 4

Ջրափիի դպրոցը

4 / 4

Ջրափիի վթարային դպրոցը