Այդ հարցը պետք է առաջնահերթ օրակարգ մտնի. Արցախի ՄԻՊ–ը` վերադարձի իրավունքի մասին

Գեղամ Ստեփանյան
Գեղամ Ստեփանյանը վստահեցնում է, որ Արցախ վերադառնալն անհնար է առանց իրավունքի ինքնորոշման ճանաչման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արցախ վերադառնալու իրավունքի հարցը պետք է որպես առաջնահերթություն մտնի քննարկումների օրակարգ։ Արցախի անկախության օրը լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Ես չեմ դադարելու խոսել վերադարձի իրավունքի մասին և չեմ դադարելու վերադարձի իրավունքը փոխկապակցել ինքնորոշման իրավունքի հետ։ Վստահ եմ` առանց իրավունքի ինքնորոշման ճանաչման վերադարձն ուղղակի անհնար է, հակառակ դեպքում մենք 5-6 օրում դատարկված Արցախ չէինք ունենա։ Այս պահին որպես առաջնահերթություն հռչակում ենք այս թեման օրակարգ մտցնելը, հետագայում էլ սեղանի շուրջ կքննարկենք բոլոր այն տարբերակներն ու հնարավորությունները, որոնք կարող են ժամանակի ընթացքում ի հայտ գալ»,– ասաց Ստեփանյանը։
Նա ընդգծեց` եթե վերադարձի իրավունքը ինքնորոշման իրավունքի հետ փոխկապակցելը վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ՀՀ պետական շահի դեմ արտահայտություն է, ապա դա նրա ընկալումն է։ Ըստ Ստեփանյանի` ՀՀ իշխանությունների նման քաղաքականությունը նշաձողի իջեցման խոսույթի շարունակությունն է։
ՀՀ քաղաքական դաշտում խիստ պասիվություն կա ռազմագերիների վերադարձի հարցում. Գեղամ Ստեփանյան