Արցախում մնացած պատմամշակութային հուշարձանները հնարավոր է փրկել միայն արցախցիների վերադարձով․Վրթանես եպիսկոպոս

Sputnik
Արցախի անկախության օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ Արցախում մնացած պատմամշակութային հուշարձանները հնարավոր է փրկել միայն արցախցիների վերադարձով։
«Վստահ եմ` այլ կերպ այդ ամենը հնարավոր չէ պահպանել։ Արցախ վերադարձի համար էլ ամենակարևոր երաշխիքը երկրի պետականությունն է, որով հնարավոր է համախմբել ժողովրդին, այն ժողովրդին, որոնք տվել են այդ պետականության ստեղծման քվեն»,-նշել է Սրբազանը։
«Մեր պետականության հիմքում մեր հերոսների թափված արյունն է, ու մենք ո՛չ իրավական, ո՛չ էլ բարոյական իրավունք չունենք մտածելու, որ Արցախի պետականությունը և հենց Արցախը կարող են հարցականի տակ լինել»,-հավելել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։