ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ՈւԵՖԱ–ի կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլը կսկսի հոկտեմբերի 3–ին՝ չեխական «Մլադա Բոլեսլավ» ակումբի հետ տնային խաղով: Խմբային փուլի հանդիպումների հաստատված ժամանակացույցը հրապարակել է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Երկրորդ և երրորդ խաղերը «Նոայի» ֆուտբոլիստները կանցկացնեն հոկտեմբերի 24–ին և նոյեմբերի 7–ին արտագնա խաղում` համապատասխանաբար ավստրիական «Ռապիդի» և Լոնդոնի «Չելսիի» հետ:
Նոյեմբերի 28–ին և դեկտեմբերի 12–ին «Նոան» Երևանում կխաղա համապատասխանաբար իսլանդական «Վիկինգուրի» և կիպրական ԱՊՕԵԼ ակումբի հետ: Խմբային փուլի վերջին հանդիպումը երևանցիները կանցկացնեն դեկտեմբերի 19–ին՝ մրցելով Սերբական «Բաչկա Տոպոլայի» հետ:
Հիշեցնենք, որ «Նոան» խմբային փուլի ուղեգիր էր նվաճել՝ եվրագավաթային մրցաշարի փլեյ–օֆֆում հաղթելով Սլովակիայի «Ռուժոմբերոկին»: