ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Ֆրանսիայում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունն իրականացվել է Միացյալ Նահանգների ցուցումով։ RT-ի հաղորդմամբ` Dialogue Works-ի եթերում նման կարծիք է հայտնել ԿՀՎ նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը:
Նրա խոսքով` Դուրովի գործում 12 մեղադրանք կա։ Այդ 12-ից 11-ը համակցություններ են` մասնակցություն սրան, մասնակցություն նրան... ըստ էության` նրան մեղադրում են այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել նրա հարթակում։ Բայց այդ մեղադրանքներից մեկը հատուկ ուշադրության է արժանի։
Մասնավորապես, Ջոնսոնի ուշադրությունը գրավել է, իր խոսքով, «բավականին հետաքրքիր» մի ձևակերպում. «Իրավապահ մարմինների պահանջով` օրենքով թույլատրված գաղտնալսման անցկացման և իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն կամ փաստաթղթեր տրամադրելուց հրաժարվելը»:
Նախկին վերլուծաբանը նկատում է, որ իր ունեցած տեղեկություններով` Ֆրանսիայում չկա այնպիսի օրենք, որի համաձայն ինչ-որ մեկի խոսակցությունները գաղտնալսելու համար անհրաժեշտ է թույլտվություն ստանալ լիազորված դատավորից: Բայց նման օրենք կա ԱՄՆ-ում։
Այսինքն, գոնե տեսականորեն, իրավապահ մարմինները հետախուզականներից բաժանող խիստ սահման կա։
«Անշուշտ, ԱՄՆ հետախուզական հանրությունը մարդկանց խոսակցությունները գաղտնալսելու թույլտվություն ստանալու կարիք չունի, նրանք առանց այդ էլ հանգիստ անում են դա, ընդ որում` ինչպես ամերիկացիների, այնպես էլ օտարերկրացիների դեպքում։ Ենթադրվում է, որ նրանք չպետք է գաղտնալսեն ամերիկացիներին, բայց լսում են։ Այս փաստը հայտնի է դարձել Էդվարդ Սնոուդենի շնորհիվ` ավելի քան տասը տարի առաջ»,-ընդգծում է ԿՀՎ նախկին աշխատակիցը։
Սակայն ստացված տեղեկատվությունը դատարանում օգտագործելու համար հետախուզական ծառայությունը, այնուամենայնիվ, ստիպված կլինի օրինական թույլտվություն ստանալ։
Այդ իսկ պատճառով Ջոնսոնի մոտ հստակ տպավորություն է ստեղծվել, որ հենց ԱՄՆ-ն է Telegram-ին խնդրել (և չի հաջողել) թույլատրել գաղտնալսել այդ հարթակի օգտատերերից մեկին։