ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՌԴ նախագահի, ՌԴ վարչապետի հետ մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է, որտեղ վիրավորանք չի կարող լինել։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ պատասխանելով «Հայկական ժամանակ» թերթի լրագրողի հարցին, թե «Խաղաղության պայմանագրի առաջընթացից Ռուսաստանը ջղաձգվում է»։
«Ես ճիշտ չեմ համարում գործընկեր պետության մասին այդ բառապաշարով խոսել։ Ես ընդհանրապես չեմ ընդունում այդ բառապաշարը, դա պետական բառապաշար չէ, դա ինքնիշխան պետության բառապաշար չէ։ Չի կարել խոսել այլ երկրների մասին վիրավորանքի, հեգնանքի լեզվով, մանավանդ ՌԴ–ի նման երկրի հետ»,–ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ սա հակադրության և բախման ժանր չէ , սա հստակ գործընկերության և փոխադարձ հարգանքի ժանր է։ Խնդիրների մասին պետք է բարձրաձայնել, բայց նման բառապաշարով խոսել որևէ երկրի հետ ի բնե սխալ է։
Փաշինյանի խոսքով` այսօր Հայաստանը 102–րդ ռազմաբազայի հետ կապված որևէ հարց չունի և չի կարող որևէ բան ասել։ Նա ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ՌԴ սահմանապահներին` «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ ծառայությունն իրականացնելու համար։
Նա ընդգծեց, որ որոշ տեղերում փորձ է արվում մեկնաբանել , որ Հայաստանն ամեն ինչ արեց, որպեսզի ռուսները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան։
«Իմ ընկալումը հետևյալն է, որ մենք շնորհակալություն ենք հայտնել ՌԴ սահմանապահ ծառայությանը այսքան տարի ծառայելու համար և արձանագրել ենք, որ մենք արդեն ունենք բավարար կարողություններ ինքներս դա անելու համար»,–ասաց նա։
Վարչապետը հավելեց, որ չի ցանկանում դիտարկել Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումների կիրառման սցենարը։
«Ինչու Ռուսաստանը պետք է կիրառի տնտեսական սահմանափակումներ, հանուն իր ո՞ր շահերի և հանուն մեր ո՞ր որոշումների։ Քանի որ մեր որոշումը հիմնված է ինքնիշխանության և պետականության շահերի փոխադարձ հարգանքի վրա, և ես չեմ ուզում, որ մենք նման բառապաշարով դիտարկենք նման սցենարները»,- հայտարարեց նա։
Փաշինյանը, մասնավորապես, հավելեց, որ ԵԱՏՄ շրջանակներում բարձրացվում են տնտեսական փոխգործակցության արդյունավետությանը, ապրանքների, ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժին վերաբերող բազմաթիվ հարցեր, սուր քննարկումներ են ընթանում շատ սուր հարցերի շուրջ, և Հայաստանն այդ սուր քննարկումների ամենաակտիվ մասնակիցը չէ: