ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Երևանում երեկ տեղացած հորդառատ անձրևից հետո ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 670 ահազանգ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ահազանգերը ստացվել են օգոստոսի 30-ին ժամը 23։34-ից մինչև օգոստոսի 31-ը ժամը 02։46-ը, որոնք վերաբերել են էլեկտրական լարերի կարճ միացմանը, սելավատարերի և դիտահորերի խցանմանը, ջրալցումներին։
Երևան քաղաքում արձանագրվել է ջրալցման 40 դեպք, այդ թվում տարբեր վարչական շրջաններում․ Աջափնյակ՝ 4, Արաբկիր՝ 6, Մալաթիա-Սեբաստիա՝ 6, Կենտրոն՝ 15, Էրեբունի՝ 3, Շենգավիթ՝ 6 և Կոտայքի մարզում՝ 5։
«Մի շարք հասցեներից փրկարարներն իրականացրել են ջրահեռացում․ հեռացրել են մոտ 276 տոննա ջուր։ Արգելափակումից դուրս է բերվել 55 տրանսպորտային միջոց»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ջրալցումների և ավտոմեքենաների արգելափակումների դուրս բերման աշխատանքներին մասնակցել է 22 մարտական հաշվարկ, 8 մոտոպոմպ, 84 փրկարարական ծառայող։
Ահազանգերն ըստ անհրաժեշտության փոխանցվել են համապատասխան ծառայություններին։ Զոհեր և տուժածներ չկան։