ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Այսօր` ժամը 14։05-ից Հայկական ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Առաջիկա ժամերին ՀԱԷԿ-ը կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` երեկ ժամը 21:54-ին կայծակի պատճառով ՀԱԷԿ-ի վթարային կանգ էր արձանագրվել։ Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալու պատճառով վթարային անջատվել էր «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան։
Անջատման հետևանքով հոսանքազրկվել էին Երևանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները։
Երևանի վարչական շրջանների ու Արմավիրի էլեկտրամատակարարումը վերականգնվել էր շուրջ 15 րոպե անց, Էջմիածնի էլեկտրամատակարարումը՝ ժամը 22:26-ին։