ՀԱԷԿ-ը անջատվել է համակարգից էլեկտրաէներգետիկ համակարգում վթարի հետևանքով. ՏԿԵՆ

Այս պահին էլեկտրաէներգետիկ համակարգում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀԱԷԿ-ը անջատվել է համակարգից։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
«Այս պահին էլեկտրաէներգետիկ համակարգում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է։ Կատարվածի պատճառները ուսումնասիրվում են, և կտրվի լրացուցիչ պարզաբանում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՀԷՑ-ը հայտնել էր, որ 21:54-ին վթարային անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան։
Անջատման հետևանքով հոսանքազրկվել էին Երևանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները։ Երևանի վարչական շրջանների ու Արմավիրի էլեկտրամատակարարումը վերականգնվել է շուրջ 15 րոպե անց, Էջմիածնի էլեկտրամատակարարումը՝ ժամը 22:26-ին։