ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Այն ընկալումներով և ձևակերպումներով, որոնցով ԼՂ մի շարք ներկայացուցիչներ, նախկին պաշտոնյաներ խոսում են Լեռնային Ղարաբաղ վերադարձի մասին, դա իրատեսական չէ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ձեզ չեմ կարող խաբել։ Այդ նույն մարդիկ ստորագրել են Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագիրը և րոպե առաջ լքել Լեռնային Ղարաբաղը։ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ստորագրել և ընդհակառակը, այդ որոշումն ընդունելուց առաջ երկրում տեղի է ունեցել իշխանափոխություն, որը քաջարելվել է Հայաստանում բոլորիս կողմից հայտնի շրջանակների կողմից»,–ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ այն փաթեթը, որը ներկայացվում է ԼՂ վերադարձի համար, հակասում է ՀՀ պետական շահին, որը նա չափում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներով և իրավասությամբ։
Անդրադառնալով հայ գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձին հարցին՝ նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության կարևորագույն դրույթներից մեկը վերաբերվում է դրան։
Նրա խոսքով` ՌԴ գործընկերները երբ խոսում են եռակողմ հայտարարության վերաբերյալ , իր համար ցավալի է տեսնել, որ նրանք գերիների, պատանդների հարցը շրջանցում են։
«Եթե եռակողմ հայտարարություններն են հիմքը և այդ հայտարարությունները մենք ուզում ենք արժևորել և կարևորել, պետք է գնանք և առաջին հոդվածից սկսենք կարդալ և տեսնել, թե ով ինչ աշխատանք պետք է իրականացներ, որ չի իրականացնել»,–ասաց նա։
Փաշինյանը հավելեց, որ գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի հարցը Հայաստանին շատ մտահոգում է, և Երևանը ամենօրյա աշխատանք է իրականացնում այդ ուղղությամբ։ Նա խոստովանեց, որ այդ աշխատանքը երբեմն չի երևում, որն էլ դրա առանձնահատկություններից է։