Սեպտեմբերի առաջին շաբաթն ամառը չի նահանջի. ի՞նչ ջերմաստիճան կլինի ՀՀ մի շարք տարածքներում

Երևան. Արխիվային լուսանկար
Մեր հանրապետությունը հիմնականում գտնվելու է արևադարձային լայնություններից` մասնավորապես Իրաքից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Սեպտեմբերի առաջին շաբաթը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա գրեթե 3 աստիճանով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով` մեր հանրապետությունը հիմնականում գտնվելու է արևադարձային լայնություններից` մասնավորապես Իրաքից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։
«Դրա արդյունքում ջերմային ֆոնը նորմայից մի փոքր բարձր կլինի` 2-3 աստիճանով։ Այդ տաք հոսանքների ներթափանցումը սպասում ենք սեպտեմբերի 2-ից սկսած։ Արդյունքում, սեպտեմբերի 2-3-ը ՀՀ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Նման ջերմային ֆոն կդիտվի Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում, Տավուշի ցածրադիր հատվածներում և Երևանում։ Ցերեկային ժամերին օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել 37-38 աստիճանի»,– ասաց Սուրենյանը։
Սուրենյանը նշեց, որ մինչև սեպտեմբերի 15-ը համարվում է կլիմայական ամառ, դրանից հետո միայն օդի ջերմաստիճանը կսկսի նվազել։
Մասնագետը շեշտեց, որ Հայաստանում ամենացուրտ սեպտեմբերը եղել է 2009 թվականին, ամսվա վերջին օրերին լեռնային հատվածներում նույնիսկ ձյուն է տեղացել։ Վերջին 4 տարիներին սեպտեմբերը հիմնականում տաք է լինում։