Կնոջ օժանդակությամբ սպանել են նրա 36-ամյա ամուսնուն ու դիակը գցել Ջրվեժի ձորը. ՔԿ

25–ամյա և 36-ամյա մեղադրյալները կալանավորվել են, իսկ 31-ամյա կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի գերեզմանատուն տանող ճանապարհահատվածի հարակից ձորակում հայտնաբերվել է շաբաթներ առաջ անհետացած ՀՀ քաղաքացու դի։ Պարզվել է, որ անհետ կորած 36-ամյա Ի.Սիմոնյանը սպանության զոհ է դարձել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է` վարույթն իրականացնող մարմինը պարզել է, որ հանցագործությունը կատարել է սպանվածին պատկանող պահեստում աշխատող 25 տարեկան անձը, իսկ նրան օժանդակել են նույն տեղում աշխատող 36–ամյա տղամարդն ու սպանվածի 31-ամյա կինը, որը քննությունը շեղելու նպատակով ամուսնու անհետանալու մասին հաղորդում էր ներկայացրել։
«Քննությամբ պարզվել է, որ սպանության շարժառիթ է հանդիսացել նշված աշխատողներից մեկի՝ անձնական հարցի շուրջ Ի.Սիմոնյանի նկատմամբ ունեցած անբարյացկամ վերաբերմունքը»,– ասվում է հաղորդագրությունում։
Ըստ նախապես գծած պլանի՝ 25-ամյա երիտասարդը 2024թ․ հուլիսի 25-ի երեկոյան 36-ամյա գործընկերոջ և Ի.Սիմոնյանի հետ գնացել են Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի և Կոտայքի մարզի Գեղադիր բնակավայրի միջնամասում գտնվող սար, որտեղ միասին գարեջուր են խմել: 25-ամյա երիտասարդը, Ի.Սիմոնյանի համար նախատեսված գարեջրի մեջ ներարկիչի միջոցով քնաբեր է լցրել, որը խմելուց հետո վերջինս քնել է: Այնուհետև 36-ամյա տղամարդու ներկայությամբ, որը երիտասարդի մտադրության մասին նախապես տեղյակ է եղել, քարով երկու անգամ հարվածել է Ի.Սիմոնյանի գլխի հետնամասին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:
Այնուհետև 25 և 36 տարեկան տղամարդիկ սպանվածի դին գցել են Կոտայքի մարզի Ջրվեժի գերեզմանատուն տանող ճանապարհահատվածի աղբանոցի հարակից հատվածում գտնվող ձորակը։
Քննությամբ հիմնավորվել է, որ Ի.Սիմոնյանի կինը տեղեկացված է եղել ամուսնու սպանության մասին, բայց որպես վկա հարցաքննվելիս վարույթն իրականացնող մարմնին հայտնել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ։
Մեղադրանք է ներկայացվել երեք անձանց նկատմամբ. 25-ամյա երիտասարդին` ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 36-ամյա տղամարդուն` 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և տուժողի կնոջը՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով։
25 և 36-ամյա մեղադրյալները կալանավորվել են, իսկ 31-ամյա կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։