ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում օգոստոսի 29–ին ստուգվել է 595 տրանսպորտային միջոց, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 5 մեքենա, տարբեր կասկածանքներով ձերբակալվել և բաժիններ է տեղափոխվել 38 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ միջոցառման ընթացքում հայտնաբերվել է հրացան, նռնակ, 2 ինքնաձիգ, 2 գազային ատրճանակ, 10 սառը զենք, արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 16 դեպք։
«Ծառայության ընթացքում իրավապահները հայտնաբերել են երկու հետախուզվողի, որոնցից մեկը՝ խուլիգանության և ապօրինի զենք պահելու, կրելու, մյուսը՝ կասեցված վարորդական իրավունքի վկայականով վարելու մեղադրանքով»,– ասված է հաղորդագրության մեջ:
ՆԳՆ–ից հայտնում են, որ ուժեղացված ծառայությանը ներգրավված են եղել քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և ենթակա բաժինների, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, ոստիկանության զորքերի ծառայողներ և պարեկներ։
Նշվում է, որ ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են լինելու։