Ադրբեջանը անգործություն է ցուցաբերում անհայտ կորած զինվորների ճակատագիրը ճշտելու հարցում

ՀՀ ԱԳՆ պաշտոնյան վստահեցրել է, որ հայկական կողմը աշխատանքը չի դադարեցնի այնքան ժամանակ, քանի դեռ չի պարզվել բոլոր անհայտ կորածների ճակատագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի իշխանությունները անգործություն են ցուցաբերում հայ անհայտ կորած զինվորների ճակատագիրը ճշտելու հարցում, անհետ կորածների միջազգային օրվան ընդառաջ Վանաձորում հայտարարել է ՀՀ ԱԳՆ հումանիտար հարցերի վարչության պետ Հայկ Սարգսյանը։
«2020 և 2023 թվականներին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում անցած դարի 90-ականների հարյուրավոր անհետ կորածների և բռնի անհետացման դեպքերին ավելացել են նորերը։ Ավելին, նույնիսկ փաստագրված ու տեսաապացույցների առկայության դեպքում Ադրբեջանի իշխանությունները անգործություն են ցուցաբերում հայ զինվորականների ճակատագիրը ճշտելու հարցում»,– ընդգծել է Հայկ Սարգսյանը։
Նա հավաստիացրել է, որ Հայաստանը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը՝ խնդիրը միջազգային կառույցներին և դատարաններին ներկայացնելու համար՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշակի հանգամանքներում հարկադիր անհետացումները, միջազգային իրավունքի համաձայն, կարող են դիտվել որպես մարդկության դեմ հանցագործություն։
Ի դեպ, բռնի անհետացման դեմ պայքարի, այդ թվում՝ նման հանցագործությունների կանխարգելման և անպատժելիության շրջանակներում, Հայաստանը ստորագրել և վավերացրել է «Հարկադիր անհետացման ենթարկված բոլոր անձանց պաշտպանության համար» միջազգային կոնվենցիան։
«Մենք պատասխանատվություն ենք կրում լինել պահանջատեր և պատասխանատվության կանչող ձայն: Մեր միջազգային գործընկերների հետ մենք շարունակում ենք քայլեր ձեռնարկել անհայտ կորածների ճակատագիրը ճշտելու ուղղությամբ։ Հայկական կողմը երբեք չի քաղաքականացրել հումանիտար համագործակցությունը և միշտ բաց է եղել բոլոր ներգրավված կողմերի հետ աշխատելու համար՝ կարևորելով նման համագործակցությունը՝ որպես վստահության և խաղաղության հասնելու միջոց։ Ուզում եմ վստահեցնել, որ աշխատանքը չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ չի պարզվել բոլոր անհայտ կորածների ճակատագիրը»,- եզրափակեց Սարգսյանը։
ԿԽՄԿ պատվիրակության տվյալներով՝ Արցախյան առաջին պատերազմից և 2020-2023թթ.ռազմական գործողություններից հետո հայկական կողմից անհետ կորած է համարվում շուրջ 1000 մարդ։