Աղանդների ակտիվացումը պետք է դիտարկել 2018թ–ի հեղափոխության համատեքստում. Պարգև Բարսեղյան

Sputnik
Աղանդավորական կազմակերպությունների ակտիվացումը ՀՀ–ում պետք է դիտարկել 2018թ–ի հեղափոխության համատեքստում։ Sputnik Արմենիայի եթերում ասել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Կրոնագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Պարգև Բարսեղյանը։
«Առավել ակտիվացել են արևմտյան ծագում ունեցող հոգեգալստական խմբերն ու կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալում ոչ միայն փողոցում ու առօրյա հասարակական միջավայրում, այլև դրանք, ըստ հետաքննությունների, կապ ունեն իշխանության և շոուբիզնեսի որոշ ներկայացուցիչների հետ»,– ասել է Բարսեղյանը։
Վերջին շրջանում Հայաստանում ակտիվացել են աղանդավորական տարբեր շարժումները։ Ու թեև մեր երկրում հոգեորսությունն արգելված է «Խղճի և ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքով, կրոնական տարբեր կազմակերպություններ անթաքույց քարոզչություն են իրականացնում` թե՛ փողոցներում, թե՛ տարբեր լրատվամիջոցներով, հատկապես` մարզային հեռուստաալիքների եթերում։